ԱԱԾ մամուլի ծառայությունից 1lurer.am-ը տեղեկացավ, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այդ կեղծ լուրը տարածում էր ստացել ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջը վարողի ինքնությունը, որը բերման էր ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել։