Սաուդյան Արաբիան հայտարարել է տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության նոր կազմակերպության՝ Կարմիր ծովի և Ադենի ծոցի խորհրդի ձևավորման վերաբերյալ:
Խորհրդաժողովը, որի ընթացքում հայտարարվեց այդ մասին, անցկացվել է հունվարի 6-ից 7-ը՝ Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը, Եգիպտոսի, Հորդանանի, Եմենի, Էրիթրեայի, Սուդանի, Սոմալիի և Ջիբութիի ԱԳ նախարարները, որոնց երկրներն էլ կանդամակցեն Խորհրդին:
Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը, ցավոք, տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության նոր կազմակերպությանը չի անդամակցի:
Հիշեցնենք, որ Խորհրդի ստեղծմանն ուղղված բանակցությունները մեկնարկել էին 2018-ի վերջին, սակայն, կազմակերպությանն Իսրայելի հնարավոր անդամակցության պատճառով ներքին հակասություններ էին ի հայտ եկել, և բանակցությունները կամ դադարել էին, կամ՝ գաղտնի վարվել:
Հավանաբար, Իրաքում ծավալված վերջին իրադարձություններն ու իրանցի նշանավոր հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահն արագացրին գործընթացը, և որոշվեց նախ՝ պաշտոնապես հայտարարել Խորհրդի ձևավորման վերաբերյալ, այնուհետ շեշտել, որ այն կգործի առանց Իսրայելի, ապա մանրամասնել, որ կառույցն ունի երկու նպատակ՝ տարածաշրջանային համագործակցության զարգացում և Սուեզի ջրանցք տանող ծովային ճանապարհի անվտանգության ապահովում:
«Մենք չպետք է թույլ տանք տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացում: Ներկա իրավիճակը շատ վտանգավոր է: Դա սպառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ կայունությանը»,- The Times of Israel-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆիզալ բին Ֆարհան ալ-Սաուդը: