Պենտագոնը հարվածներ չի հասցնի Իրանի մշակույթի օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը՝ հավելելով, որ «զինված հակամարտության օրենքն» արգելում է հարձակումները մշակույթի հինավուրց օբյեկտների վրա, և դա նույնիսկ չի եղել իր ծրագրերում, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ մասին հայտարարել էր:
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, թե նման գրոհները կորակվեն որպես պատերազմական հանցագործություն:
«Միացյալ Նահանգները հետևելու է զինված հակամարտության մասին օրենքներին և հարվածներ չի հասցնելու Իրանի մշակույթի օբյեկտներին»:
Պենտագոնի ղեկավարը ձեռնպահ է մնացել այլ բացատրություններից:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Միացյալ Նահանգներն Իրաքում օդային հարվածի միջոցով սպանել էր իրանցի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, թե Իրանի կողմից հարձակման դեպքում Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի 52 օբյեկտի, այդ թվում՝ մշակույթի: