Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել հայկական կայքերից մեկում ներկայացված հրապարակման վերաբերյալ: Պարզաբանման մեջ նշվում է, որ տոներից առաջ ՀՀ ԿԳՄՍՆ-ն «Անտիֆեյք» կայքի` նախարարության աշխատակիցներին տրամադրած պարգևավճարի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ նախարարության ամբողջ տարվա աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 774 միլիոն 225 հազար 600 դրամ։ Նշվել էր նաև, թե 2019 թ. ընթացքում որ հոդվածներով և ինչ գումարի չափով է իրականացվել պարգևատրումը։
Պարզաբանման մեջ նաև նշվում է, որ «Անտիֆեյք» կայքը միավորված երեք նախարարությունների ամբողջ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդի թիվը ներկայացրել է որպես աշխատակիցներին տրված պարգևավճար՝ ամենայն հավանականությամբ, ընթերցողների և ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում նախարարության մասին բացասական կարծիք ստեղծելու նպատակով կամ էլ լրագրողի չիմացության պատճառով։
«Դա անթույլատրելի է ինչպես քաղաքացիներին բարեխիղճ լրատվություն մատուցելու մասնագիտական առաքելության տեսակետից, այնպես էլ զուրկ է որևէ տրամաբանությունից. նման ահռելի գումարը չէր կարող տրամադրվել որպես պարգևավճար»,- նշված է պարզաբանման մեջ։