Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ պետք է պահպանել ջեռուցման նորմերը։
Առնվազն 18-22 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։ Ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան Ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան Ցելսիուս:
Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թ. մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։
Հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում: Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան Ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան:
Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ: