Գերմանիայի ՊՆ ղեկավար Աննեգրետ Քրամպ-Քարենբաուերը և ԱԳ նախարար Հեյկո Մաասը համատեղ ուղերձ են հղել իրենց գերատեսչություններին՝ տեղեկացնելով այն մասին, որ պատրաստվում են Բունդեսվերի զորախումբը մասամբ դուրս բերել Իրաքից:
DW հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրականությանն, այսպիսով, չեն համապատասխանում տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե Գերմանիան ընդմիշտ լքում է Արևմտյան կոալիցիան և իր զորախումբն ամբողջությա՛մբ է դուրս բերում Իրաքից:
Հաղորդվում է, որ գերմանացի զինվորները, որոնք առանձնապես շատ չեն՝ շուրջ 130 զինծառայող, ժամանակավորապես կլքեն միայն Բաղդադի և Թաջի ռազմաբազաները: Նշվում է նաև, որ ամբողջ այս ընթացքում գերմանացիները հիմնականում մարզել են իրաքյան զորքերը, իսկ Գերմանիայի ռազմաօդային ուժերը սոսկ «Իսլամական պետության» վերաբերյալ հետախուզական տվյալներ են տրամադրել պաշտոնական Բաղդադին: Ընդ որում, զորքերի մեծ մասը տեղակայված են եղել Իրաքյան Քուրդիստանում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Աննեգրետ Քրամպ-Քարենբաուերը հայտարարել է, որ Բեռլինը հարգում է իրաքյան կառավարության ինքնիշխան որոշումը՝ կոալիցիոն ուժերը դուրս բերելու վերաբերյալ, բայց համոզված չէ, որ այն չի հանգեցնի «Իսլամական պետության» ակտիվացմանը:
Քարենբաուերը նաև հույս է հայտնել, որ իրենց զինվորները կարող են հետագայում էլ մնալ Իրաքում՝ որպես հրահանգիչներ: