Իրանը հայտարարել է, որ այլևս պարտավորված չէ լիովին հավատարիմ մնալ Գործողությունների համատեղ ծրագրին։ Խոսքը 2015-ին համաշխարհային տերությունների հետ կնքված գործարքի մասին է: Իրանի կառավարության հայտարարությունն ընթերցվել է իրանական հեռուստատեսության եթերում։ Սա միջուկային գործարքի պարտավորությունների հերթական կրճատումն է։
Այժմ Թեհրանը չի հետևելու ուրանի հարստացման սահմանափակումներին, իսկ ուրանի հարստացման մակարդակը կհիմնվի երկրի տեխնիկական պահանջների վրա։ Նշվում է նաև, որ Իրանը կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, իսկ Թեհրանի այդ քայլերը կարող են չեղարկվել, եթե ԱՄՆ-ը հրաժարվի պատժամիջոցներից։
Իրանի միջուկային ծրագրի կրճատման՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը համաձայնագիր է կնքված 2015-ին՝ Իրանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Ծրագրով Իրանը հրաժարվում էր ուրանի հարստացման ծրագրից, իսկ արևմտյան տերությունները վերացնում էին պատժամիջոցները։ 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց այդ համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը 2019-ին հայտարարեց համաձայնագրի երկու կետերը կատարելուց հրաժարվելու մասին։ 2019-ի նոյեմբերին Իրանը վերսկսել է ուրանի հարստացումը։