ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը այս շաբաթ որոշում կկայացնի սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի նկատմամբ, ասել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
«ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի տարածքում հասցված հարվածը, որի հետևանքով սպանվեց իսլամական հեղափոխության պահապանների «Ալ-Քուդս» հատուկ ջոկատի հրամանատար գեներալ Կասեմ Սուլեյմանին, «սադրիչ էր և անհամաչափ: Այսպիսի գործողությունները վտանգում են մեր զորքին, դիվանագետներին և այլոց՝ սպառնալով սրել լարվածությունը Իրանի հետ: Մեր՝ Կոնգրեսի անդամների հիմնական պարտականությունն է ապահովել ամերիկյան ժողովրդի անվտանգությունը: Դրա համար մենք անհանգստացած ենք, որ վարչակազմը ձեռնարկել է այդ գործողությունները առանց Կոնգրեսի հետ խորհրդատվության՝ հաշվի չառնելով ԱՄՆ Սահմանադրությամբ Կոնգրեսին տրված ռազմական իշխանությունը»,- պարզաբանել է Փելոսին:
Հարվածի մասին Պենտագոնը հայտնել էր հունվարի 3-ին: Ըստ The Washington Post-ի, գործողության նախապատրաստման մասին նախօրոք չի տեղեկացվել ԱՄՆ Կոնգրեսին:
Կիրակի օրն էլ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է անհամաչափ հարված հասցնել Իրանին՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքացիների կամ օբյեկտների վրա ցանկացած հարձակման: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ անհրաժեշտ չի համարում պաշտոնապես տեղեկացնել Կոնգրեսին Թեհրանի դեմ նման քայլեր իրականացնելու հարցում: