Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների շնորհիվ բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նա նշել է, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 5-ին' ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։
Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Կենտրոնական բաժնների ծառայողները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ծավալուն աշխատանքի արդյունքում պարզվել է սպանությունը կատարած անձի ինքնությունը։
Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երիտասարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հետագա միջոցառումնով հայտնաբերվել է բնակարանից հափշտակված պլանշետը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։