ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում սպառնացել է, որ «շատ կոշտ» հարված կհասցնի իրանական 52 թիրախների, եթե Իրանը հարձակվի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա։
«Իրանը շատ համարձակ է խոսում, որ թիրախավորել է ամերիկյան որոշ օբյեկտներ, որպեսզի վրեժ լուծի։ Բայց մենք աշխարհն ազատեցինք նրանց ահաբեկչական առաջնորդից, որը վերջերս ամերիկացու էր սպանել, ծանր վիրավորել շատերին, ողջ կյանքի ընթացքում սպանություններ իրագործել՝ ներառյալ իրանցի հարյուրավոր ընդվզողների։ Սոլեյմանին արդեն գրոհել էր ամերիկյան դեսպանատունը եւ պատրաստվում էր հարձակվել այլ թիրախների վրա»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով, Իրանն արդեն երկար տարիներ խնդիրներ ստեղծելուց բացի այլ բան չի արել։
«Թող սա նախազգուշացում լինի, որ եթե Իրանը հարվածներ հասցնի ամերիկացիներին կամ ամերիկյան թիրախներին, մենք աչքի տակ ունենք ռազմավարական և մշակութային արժեք ներկայացնող 52 իրանական օբյեկտներ։ Ե՛վ այդ թիրախներին, ե՛ւ հենց Իրանին կհասցվի շատ արագ և շատ կոշտ հարված։ ԱՄՆ-ին այլեւս սպառնալիքներ պետք չեն»,- գրել է Դոնալդ Թրամփը։