Ֆրանսիայի նախագահը Իրանին կոչ է արել վերադառնալ միջուկային գործարքով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը և խուսափել ցանկացած սադրանքից: Մակրոնն այս մասին ասել է ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում։
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը: Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ նախագահները մտահոգություն են հայտնել իրանցի գեներալի սպանության կապակցությամբ:
Իսկ Կրեմլի հաղորդագրությունում նշվում է, որ երկու առաջնորդներն արձանագրել են՝ գեներալ Սուլեյմանիի սպանությունը կարող է լրջորեն սրել իրավիճակը տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, նշանավոր գեներալ Ղասեմ Սոլեյմանին և շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ՝ Ալ Հաշդ աշ-Շաաբիի ներկայացուցիչներ։