Գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, նշանավոր գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Պենտագոնից հայտարարել են, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ: Սպանված Սոլեյմանիին Վաշինգտոնում մեղավոր են համարում Իրաքում ԱՄՆ դեսպանատան և կոալիցիայի բազայի դեմ իրականացված հարձակումների համար:
Թեհրանից արձագանքը սպասեցնել չտվեց. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Սոլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում:
«Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին, որը քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Նրա վախճանը չի դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, որոնց ձեռքերի վրա է Սոլեյմանիի եւ մյուս նահատակների արյունը, պետք է սպասեն դաժան վրեժի»,- ասվում է Խամենեիի հայտարարությունում։
Խամենեին ցավակցել է իրանցի ժողովրդին և Սոլեյմանիի ընտանիքին և եռօրյա սուգ հայտարարել:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին էլ խոստացել է, որ իր երկիրն ու տարածաշրջանի այլ երկրները վրեժ կլուծեն Սոլեյմանիի սպանության համար:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գեներալի սպանությունն անվանել է «միջազգային ահաբեկչության ակտ»:
Սոլեյմանիի սպանության հաստատումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում թվիթել է ԱՄՆ դրոշը՝ առանց որևէ լրացուցիչ խոսքերի կամ մեկնաբանության: Սա վերջին մեկ օրվա ընթացքում Թրամփի միակ թվիթն է. նախկինում Սպիտակ տան ղեկավարի նման լռությունը համընկնում էր ամերիկյան ռազմական օպերացիաների և «թեժ կետեր» նրա այցերի հետ:
Սուլեյմանիի սպանության առնչությամբ ԱՄՆ-ում ևս հստակ կարծիք չկա: Դեմոկրատների ճամբարում դժգոհ են Թրամփի քայլից: Սպավող նախագահական ընտրություններում ԱՄՆ գործող ղեկավարի հիմնական մրցակիցներից Ջո Բայդենը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «պարզապես պայթուցիկ է նետել աղբաման»՝ հրամայելով սպանել ազդեցիկ իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիին Բաղդադում:
«Ոչ մի ամերիկացի չի սգալու Սոլեյմանիի մահը։ Նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի և տարածաշրջանում հազարավոր անմեղ մարդկանց դեմ հանցագործությունների համար, բայց Թրամփը պարտավոր է ամերիկացի ժողովրդին բացատրել մեր զորքերի և դեսպանությունների անձնակազմերի, մեր մարդկանց և մեր շահերի անվտանգության ապահովման ռազմավարությունն ու պլանը ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում»:
Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին էլ հայտարարել է, որ Սոլեյմանիի սպանությունը կարող է տարածաշրջանում պատերազմի պատճառ դառնալ:
«Սոլեյմանին ԱՄՆ թշնամին էր: Հարցը ոչ թե դրանում է, այլ այն, որ արդյոք ճիշտ է, որ ռեպորտաժներում հայտնում են, որ Ամերիկան առանց Կոնգրեսի թույլտվության սպանել է իրանական իշխանության երկրորդ դեմքին և դրանով իսկ գիտակցաբար պոտենցիալ խոշոր տարածաշրջանային պատերազմ է սկսել»:
Իսկ ահա հանրապետական սենատոր Մարկ Ռուբիոն Սոլեյմանիի սպանությունը որակել է որպես «պաշտպանողական քայլ»:
«Բախվելով «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մշտական հարձակումների հետ՝ ԱՄՆ-ը և նախագահ Թրամփը ցուցաբերեցին հիացմունքի արժանի զսպվածություն և միաժամանակ հստակ քաշեցին ինչպես կարմիր գծերը, այնպես էլ դրանք անցնելու հետևանքները: «Ղոդս»-ի ուժերն ընտրեցին էսկալացիայի ուղին: Նրանք են ամբողջությամբ մեղավոր այն ամենի համար, ինչն այս պահին առկա է»:
Միջազգային արձագանքը:
Սիրիա. «Սիրիան վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հանցավոր ագրեսիան»:
Իրաքի վարչապետի պաշտոնակատար. «Նման գործողությունները խաթարում են Իրաքում ԱՄՆ զորքերի ներկայության օրինականությունը»:
Ռուսաստան. «Սոլեյմանիի սպանությունը դիտարկում ենք որպես արկածախնդրություն, որի հետևանքն ամբողջ տարածաշրջանի մակարդակով լինելու է լարվածության աճը»:
Ֆրանսիա. «Սա վերջին ամիսներին շարունակվող էսկալացիայի հետևանք է: Մեզ համար այս պահին առաջնահերթությունը տարածաշրջանային կայունությունն է»:
Գերմանիա. «ԱՄՆ-ի գործողությունները մի շարք ռազմական սադրանքների արձագանքն էին, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է Իրանը»:
Չինաստան. «Չինաստանը հետևողականորեն դեմ է միջազգային հարաբերություններում ռազմական ուժի կրառմանը»:
Փորձագիտական դաշտ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Լուրերին հայտնել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը Հայաստանի հարևանն է, մեր երկրի շահերից չի բխում Մերձավոր Արևքելում լարվածության աճը: Իրանագետը, ամեն դեպքում, չի կարծում, որ մենք լայնամասշտաբ պատերազմի ականատես կլինենք, քանի որ նույնիսկ Իրանում նման տրամադրություններ չկան:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երկու երկրներում ռազմական գործողություններ, բնականաբար չեն լինի, սակայն Իրանը պատասխան հարված կհասցնի, երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն, Իսրայելը կներգրավվի, Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին, իսկ Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններին է նախապատրաստվում, որոնց դեռ ճիշտ 11 ամիս կա։
Գլոբալ քաղաքականության կենտրոնի ոչ պետական սուբյեկտների ծրագրի տնօրեն Հասան Հասանը կարծում է, որ Իրանը չափազանց անկաշկանդ էր պահում իրեն՝ անտեսելով ԱՄՆ-ի հնարավոր պատասխանը: Հասանը հիշեցնում է, որ վերջին շաբաթների ընթացքում Իրանը անօդաչու էր խոցել, հարձակվել սաուդցիների նավթային օբյեկտների վրա, հարձակվել ամերիկյան բազայի վրա և կազմակերպել Բաղդադում ամերիկյան դեսպանության գրոհը:
Ի՞նչ է հայտնի այս պահին:
Իսրայելը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, հրամայվել է փակել Սիրիայի հետ սահմանը, երկրի զինված ուժերը բերվել են ամենաբարձր ռազմական պատրաստականության աստիճանի:
ԱՄՆ պետքարտուղարությունը բոլոր ամերիկացիներին կոչ է արել շտապ լքել Իրաքի տարածքը:
Իրաքի խորհդարանի երկու ամենամեծ խմբակցությունները նախապատրաստվում են օրենք ընդունել, որը ենթադրելու է ամերիկյան զորքերի դուրսբերում Իրաքի տարածքից:
ՄԱԿ-ում, ամենայն հավանականության, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կգումարվի:
Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում ինքնաբուխ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, այրվում են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները, կոչ է արվում ամերիկացիներին հեռանալ տարածաշրջանից:
Նավթի և ոսկու գները կտրուկ աճել են Սոլեյմանիի սպանության լուրից հետո: