Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել են պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:
Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է զինված ուժերի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին։ Այնուհետև վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել առաջնագծում առկա վիճակին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:
Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների։ Վարչապետը և տիկին Հակոբյանը զինվորներին են հանձնել նվերներ և մաղթել բարի ու անվտանգ ծառայություն և առողջություն։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Վարչապետն այցելել էլ նաև ՊՆ N զորամաս, շրջայցի ընթացքում ծանոթացել ստեղծված պայմաններին, ինչպես նաև այստեղ նոր ներդրված սննդակարգին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է ճաշարանով, հետաքրքրվել ճաշացանկով։
Այստեղ զինծառայողներն իրենց գոհունակությունն են հայտնել նոր սննդակարգից և ընդգծել, որ այն դրական առումով մեծապես տարբերվում է նախորդից։