ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան հայանքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ:
Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննության ընթացքում իրականացված քննչական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ գործողությունների արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել Կարճևան համայնքի նախկին ղեկավարին և քարտուղարին՝ 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ նշված համայնքի ղեկավարը համայնքի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրություն ունեցող՝ ՀՀ իշխանությունների անունից հանդես եկած անձի ցանկությունն ամեն գնով կատարելու նպատակով, հանդիսանալով համայնքի սեփականության հողատարածքների օտարման աճուրդի կազմակերպիչ, առանց «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ փաստացի աճուրդ կազմակերպելու, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջոցով կազմել և 2014 թ. օգոստոսի 5-ին աճուրդի մասնակիցներ՝ ընկերության ներկայացուցչին և աճուրդը կայացված համարելու համար աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձի ստորագրմանն է ներկայացրել 2014 թ. հուլիսի 24-ով և 22-ով թվագրված աճուրդին մասնակցելու վերաբերյալ կեղծ հայտեր, հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ:
Արդյունքում, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց փաստացի աճուրդ կազմակերպելու, դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր կազմելու և հանձնելու միջոցով ՓԲ ընկերությանն օտարել է շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև աճուրդի մասնակից ընկերության ներկայացուցչին և աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձին:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերոգրյալ հողատարածքներն օտարվել են ապօրինի, ինչի պայմաններում համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ սահմանված կարգով հիշյալ աճուրդների արդյունքները առոչինչ ճանաչելու գործընթաց մեկնարկելու համար:
2019 թ. օգոստոսի 9-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հաստատվել է վարույթն իրականացնող քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Դատաքննության արդյունքներով 2019 թ. դեկտեմբերի 26-ին դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել մեղսագրված բոլոր հոդվածներով: