ԱՄՆ ռազմական ինքնաթիռները մի շարք օդային հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող Քաթայիբ Հըզբոլլահ զինված խմբավորմանը պատկանող օբյեկտներին:
Համաձայն Պենտագոնի զեկույցի՝ «պաշտպանական հարվածներ» են հասցվել Իրաքի երեք և Սիրիայում երկու դիրքերին: Թիրախում են եղել զենքի պահեստները, ինչպես նաև անցակետերը, որոնք խումբն օգտագործում էր կոալիցիոն ուժերի վրա հարձակման համար:
Ըստ Պենտագոնի տեղեկության՝ խմբավորման զինյալները կոալիցիոն ուժերի բազայի ուղղությամբ արձակել են ավելի քան 30 հրթիռ, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական ծառայող, իսկ չորս ամերիկացի զինծառայող ու իրաքյան անվտանգության ծառայության երկու անդամ վիրավորվել են:
Միացյալ Նահանգների տվյալներով՝ Քաթայիբ Հըզբոլլահը իրաքյան շիա զինված խմբավորում է, որը ստեղծվել է 2007-ին՝ Իրանի աջակցությամբ:
Այն կապված է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ և բազմիցս ստացել է Թեհրանի օգնությունն ու աջակցությունը կոալիցիոն ուժերի դեմ հարձակումների համար: