Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի
օրհնությամբ դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին, մայրաքաղաք Երևանի բոլոր եկեղեցիներում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն:
Մայր Աթոռում նռնօրհնեքի համար նախատեսված նուռը Սուրբ Էջմիածնին ընծայել են Արցախի Հանրապետության իշխանությունները:
Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Նրա հրաշափառ Հարությունն ու Աստծո շնորհների բազմազանությունը:
Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ: Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ: