ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.
«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ՝ ի բարօրություն մեր Հայրենիքի:
Տարեմուտը լավ առիթ է գնահատելու ձեռք բերվածը և արժևորելու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նախանշելու և պլանավորելու հաջորդող տարիների անելիքները:
ԱԻՆ համակարգի սիրելի՛ աշխատակիցներ,
Չնայած մի շարք դժվարություններին՝ անցնող տարին, այդուհանդերձ, ոլորտի պատմության մեջ կմնա որպես անհավանական թվացող ձեռքբերումների ու հաջողությունների տարի: Համակարգի ողջ անձնակազմի համախմբված և միասնական աշխատանքի արդյունքում մեզ հաջովեց լուծել համակարգի առջև ծառացած մի շարք անլուծելի թվացող խնդիրներ:
Ինչպես բազմիցս եմ ասել՝ արտակարգ իրավիճակների նախարարության ցանկացած աշխատակից փրկարար է: Փրկարար է իր բնույթով, տեսակով ու ծառայությամբ: Ամանորի նախաշեմին ցանկանում եմ առաջնահերթ երախտիքի առանձնահատուկ խոսքեր ուղղել մեր համակարգի աշխատակից-փրկարարներին, ովքեր գիշեր ու զօր ծառայում են մեր ժողովրդին, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ սրտացավորեն պայքարում են մեր բնակչության կյանքի և առողջության համար։ Շնորհակալ եմ սրտացավ և անձնվիրաբար ծառայության համար:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի առողջության և հաջողությունների տարի։ Երջանկություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»: