Մոսկվայում կայացած Շախմատի մրցաշարի վերջին օրը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը երկու հաղթանակ տարավ և երեք խաղ ավարտեց ոչ-ոքի հաշվով: Ընդհանուր առմամբ՝ դասական շախմատի աշխարհի չեմպիոնը 15 հնարավորից վաստակեց 11,5 միավոր և արդեն երրորդ անգամ դարձավ արագ շախմատի աշխարհի չեմպիոն:
Նշենք նաև, որ մրցաշարի սենսացիան իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի երկրորդ տեղը գրավելու փաստը դարձավ: Ֆիրուջայի անունն այս պահին բոլոր հեղինակավոր պարբերականների էջերին է, որովհետև շախմատիստը հրաժարվել էր ներկայացնել Իրանը և խաղում էր ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:
Երրորդ տեղը գրավեց ամերիկացի Հիկարու Նակամուրան: Թե՛ Նամակուրան, թե՛ Ֆիրուջան այժմ ունեն 10,5 միավոր:
Ինչ վերաբերում է մեր շախմատիստներին, հարկ է նշել, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 10 միավորով գրավեց 5-րդ տեղը։ Այս մրցաշարում Արոնյանը պարտվեց միայն Կառլսենին, որի հետ մրցեց 12-րդ տուրում, իսկ երրորդ օրը պարտության մատնեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, հնդիկ Սուրիա Գանգուլիին, ոչ-ոքի խաղաց չինացի Հաո Վանի և իսպանացի Դավիդ Անտոնի հետ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 9,5 միավորով գրավեց 18-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը վաստակեց 8,5 միավոր՝ գրավելով 54-րդ տեղը, Զավեն Անդրիասյանը 8 միավորով 71-րդն է, Մանուել Պետրոսյանը 8 միավորով զբաղեցրեց 75-րդ, Արման Փաշիկյանը 7,5 միավորով 108-րդ, իսկ Տիգրան Պետրոսյանը 6,5 միավորով՝ 161-րդ տեղը։