Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված պատժամիջոցներից հետո այդ երկիրը ցանկանում է խորացնել իր ռազմական համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ: Այս մասին հաղորդում է գերմանական N-TV հեռուստաալիքի կայքը և հավելում, որ Իրանը, Չինաստանն ու ՌԴ-ն համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսում:
Ըստ հեռուստաալիքի՝ սա Արևմուտքին ուղղված ուժի հստակ ցուցադրում է: N-TV-ն փոխանցում է նաև փորձագետների տեսակետը խնդրո առարկայի վերաբերյալ, ըստ որի՝ եռակողմ ռազմածովային վարժանքները երեք երկրների արձագանքն էին Պարսից ծոցում ԱՄՆ-ի նախատեսած ռազմածովային առաքելությանը, որի նպատակը դարձյալ միջազգային անվտանգ առևտրի ապահովումն ու պաշտպանությունն է:
Անցած ամիսների ընթացքում, ըստ N-TV-ի, իրավիճակը Պարսից ծոցում լրջորեն սրվեց այն պատճառով, որ Իրանն ամիսներ շարունակ արգելափակել էր բրիտանական Stena Impero տանկերը: Բացի այդ, հունիսին Թեհրանը հրթիռակոծել էր ամերիկյան անօդաչու թռչող սարքը:
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, այն աշխարհի ամենակարևոր ծովային գոտիներից մեկն է՝ ընդգծում է N-TV-ն: Այս նեղուցը Պարսից ծոցը կապում է Հնդկական օվկիանոսի հետ, և աշխարհի ծովային նավթի արտահանումը, մեծավ մասամբ, հենց այս երթուղով է իրականացվում:
Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լարվածության հետևանքով միջուկային ոլորտում երկու երկրները վիճում են միմյանց հետ: ԱՄՆ-ը մեղադրում է Իրանի կառավարությանը միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ, Իրանը հերքում է դա:
2018-ին Միացյալ Նահանգները միակողմանիորեն չեղարկեցին Իրանի հետ կնքված միջուկային պայմանագիրը, որն Իրանին արգելում էր միջուկային ռումբ ստեղծել՝ միևնույն ժամանակ վերջ դնելով այդ պետության քաղաքական և տնտեսական մեկուսացմանը:
Այդ ժամանակվանից ի վեր՝ ԱՄՆ կառավարությունը ակտիվորեն ճնշում է գործադրում Թեհրանի վրա տնտեսական պատժամիջոցներով, որպեսզի մի քանի այլ ոլորտներ ընդգրկող նոր և ավելի կոշտ պայմանագիր ապահովի:
Մինչև այժմ Իրանը դիմադրել է այդ ճնշմանը՝ հաղորդում է գերմանական N-TV հեռուստաալիքը, առաջարկելով սպասել նոր զարգացումների: