Արաբական Միացյալ Էմիրությունների միջուկային ծրագիրը կարող է հանգեցնել Միջին Արևելքում միջուկային սպառազինության մրցավազքի, իսկ անվտանգության կարևորագույն տարրերի բացակայությունը կարող է հանգեցնել միջուկային աղետի: Այս մասին, Mignews-ի փոխանցմամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի միջուկային խորհրդատվական խմբի փորձագետ Փոլ Դորֆմանը, որը Լոնդոնի համալսարանի Էներգետիկական քոլեջի պատվավոր ավագ գիտաշխատող է և բրիտանական կառավարության խորհրդատուն:
ԱՄԷ-ն չորս միջուկային ռեակտոր է կառուցում Բարաքում՝ Մերձավոր Արևելքի առաջին ատոմակայանում: Նախատեսվում է, որ գործարանը շահագործման կհանձնվի 2020 թվականին: Եվ Փոլ Դորֆմանն այն տեսակետն է հայտնել, որ ԱՄԷ-ն միջուկային զենքի զինանոց ստեղծելու հույսեր կարող է ունենալ: Ընդ որում, փորձագետը նախազգուշացնում է, որ Աբու Դաբիի ատոմակայանը կարող է հիմնական թիրախ դառնալ ահաբեկիչների համար:
«Դրա (ատոմակայանի – խմբ.) ստեղծման դրդապատճառը կարող է թաքնված լինել: Նրանք լրջորեն քննարկում են միջուկային զենքի տարածումը»,- ասել է փորձագետը, հավելելով, որ անհայտ է՝ արդյո՞ք, ԱՄԷ-ն ունի բավարար պաշտպանական հնարավորություններ՝ ատոմակայանի պատշաճ պաշտպանության համար: Չի կարելի անտեսել նաև բարձր ջերմաստիճանն ու կլիմայի փոփոխության չնախատեսված հետևանքները:
Հիշեցնենք, որ Աբու Դաբիից արևմուտք գտնվող ատոմակայանը կառուցվում է Կորեաական կոնսորցիումի կողմից: Ատոմակայանի չորս ռեակտորները պետք է արտադրեն 5,600 մեգավատ էլեկտրաէներգիա, ինչը ԱՄԷ-ի պահանջարկի մոտ 25 տոկոսը կկազմի: ԱՄԷ-ի Էներգետիկայի նախարարության հայտարարության համաձայն՝ այդ երկիրը ցանկանում է մինչև 2050 թվականը մաքուր և վերականգնվող աղբյուրներից ստանալ իրենց անհրաժեշտ էներգիայի 50%-ը: