Ուրբաթ օրը մի քանի հրթիռ է արձակվել իրաքյան Քիրքուքի մերձակայքում գտնվող K1 ռազմակայանի ուղղությամբ, որտեղ պաշտոնական Բաղդադը հյուրընկալել է ամերիկյան զինվորականներին: Այս մասին, քրդական Rudaw-ի փոխանցմամբ, ասված է Իրաքի ԶՈՒ ներկայացուցչի հայտարարության մեջ: Անվտանգության ծառայության աղբյուրները հայտնում են, որ «Կատյուշա» հրթիռներն արձակվել են անհայտ անձանց կողմից՝ բազայի մոտակայքում գտնվող լքված մեքենայից: Ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Քրդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս տարածքում գործում են «Իսլամական պետության» զինյալները, որոնք անցել են պարտիզանական մարտավարության՝ Բաղդադում ներկայիս կառավարությունը տապալելու և իրենց տիրապետությունը վերականգնելու համար:
K1 բազան տեղակայված է Իրաքի հյուսիսում գտնվող քրդական Քիրքուկից 15 կմ հյուսիս-արևմուտք: Չնայած այն ամերիկյան է համարվում, բայց այստեղ տեղակայված են ինչպես ամերիկյան, այնպես էլ իրաքյան զորքերը՝ ներառյալ Դաշնային ոստիկանության ներկայացուցիչներն ու հակաահաբեկչական ծառայության ներկայացուցիչները:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ հարձակման հետևանքով հենակետում սպանվել է մեկ ամերիկյան զինվորական, կան վիրավորներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: