Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր լրագրողներին է ներկայացրել Երևանի քաղաքապետի կողմից լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի գործով նոր մանրամասներ:
Նա հիշեցրել է, որ իր հրապարակած փաստաթղթերից մեկում առկա է տեղեկություն, որ Հայկ Մարությանը հանձնարարել է առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին՝ գործուղման մեկնելու դեպքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին, սակայն, ըստ Դ.Խաժակյանի, Երևանի քաղաքապետը նման լիազորություն չունի, և վերջինիս կարող է փոխարինել միայն քաղաքապետի առաջին տեղակալը:
Դ.Խաժակյանը տեղեկացրել է, որ բացահայտված նոր փաստաթղթով պարզվել է, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը չի նշանակել Հայկ Սարգսյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, և Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70-ից ավելի իրավական ակտերն առոչինչ են: «Նույնը կլիներ, եթե քաղաքապետի վարորդը, օգնականը կամ այլ անձ ստորագրեր քաղաքապետի որոշումների տակ, և ասեինք՝ նորմալ է, բայց դրանք առոչինչ են»,- ընդգծել է նա:
Դ.Խաժակյանն ասել է, որ գործ ունեն մի կողմից՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մյուս կողմից՝ ինքնիրավչության հետ, քանի որ Հայկ Սարգսյանը քաղաքապետի որոշումների տակ ստորագրել է՝ հիմքում չունենալով որևէ իրավական ակտ: Ուստի, այն մարդիկ, ում գործերն առնչվել են այդ իրավական ակտերով սահմանված կարգավորումների հետ, ըստ էության, տուժողներ են, քանի որ նրանց տրված փաստաթղթերը, նրա խոսքով, առոչինչ են: