Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ եղել է Տիգրան Մեծի և Սայաթ-Նովայի փողոցներում, ծանոթացել այստեղ իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: Փողոցները բարեկարգվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հատկացրած ֆինանսական միջոցներով:
Գյումրեցիները ողջունել են վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել քաղաքի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար:
Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մնացած բոլոր տեխնիկական հարցերը կարգավորել հնարավորինս սեղմ ժամկետում՝ պահպանելով որակական չափանիշները:
Այնուհետև վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը: Նորակառույց շենքում առկա 18 բնակարանները հանձնվել են միայնակ տարեցներին, որոնք մինչև այժմ բնակվում էին տնակներում: Սոցիալական բնակարանները կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին իրականացվող ծրագրի և այն շարունակական դարձնելու համար: Նիկոլ Փաշինյանը շրջել է բնակարաններով և շահառուներին շնորհավորել բնակարանամուտի և Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: