Վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրած Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Վարչապետը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։
Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ինքնաթիռների տեխնիկական հնարավորությունները։
«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «Սու 30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման մտադրության մասին դեռ նախորդ տարի էինք հայտնել: Այսինքն՝ ժամանում է ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի ապահովման գործում»,- նշել է վարչապետ Փաշինյանը: