Իշխանությունն ամեն գնով խնդիր է դրել ազատվել Սահմանադրական դատարանի՝ իրեն ոչ ցանկալի անդամներից և ունենալ սեփական Սահմանադրական դատարան: Այդ մասին ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հարցաքննությանն ու ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու օրինագծին:
«Այս օրենքն աբսուրդ է, փորձում են կամավորության տակ փաթեթավորել և իրականություն դարձնել այն, սակայն իրականում այդ օրենքում պայթուցիկ նյութ կա, դա հակասահմանադրական օրենք է»,- նշեց նա:
Ա.Մինասյանի խոսքով՝ իշխանությունը կամավորության անվան տակ պարտադրում է ՍԴ դատավորներին կենսաթոշակի անցնել, ինչպես դա արվում էր պարտադիր կենսաթոշակի դեպքում:
«Կա անմեղության կանխավարկածը հարգելու ինստիտուտ, և ՀՅԴ-ն վճռական է տրամադրված այս հարցում: Չկա արդարության հաստատման ճանապարհ՝ օրենքի, Սահմանադրության և իրավունքի հիմնարար սկզբունքի ոտնահարման միջոցով»,- ասաց նա: