Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Գյումրիում գտնվելու ընթացքում չնախատեսված այց է կատարել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է այդտեղ իրականացվող ավտոմեքենաների մաքասազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:
Ըստ այդմ, վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՊԵԿ-ի, Ոստիկանության ղեկավարներին և առաջարկել Կենտրոնական բանկի ղեկավարին ավելացնել նաև սպասարկող անձնակազմի թիվը: Արդյունքում կայացվել է օպերատիվ որոշում: «Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը շրջել է նաև կենտրոնի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ դրանք ընթանում են լայն թափով և ձմռան ամիսներին ևս շարունակվելու են: