Որևէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու, քանի որ մեր երկրում կան բազմաթիվ նախկին և ներկա պաշտոնյաներ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Այդ մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրմանը:
«Եթե կա կոռուպցիոն գործ, ապա պետք է քրեական գործեր լինեն և քննվեն արդյունավետությամբ: Եթե մեղադրանքն առաջադրվեր մեկ շաբաթ առաջ, կասեին՝ ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ օրենքի հետ է կապված, եթե հաջորդ տարվա հունվարին լիներ, պիտի ասեին, որ դատավորները պետք է դիմեն, և հիմա է առաջադրվում, եթե ավելի վաղ լիներ, կասեին՝ վերահսկելի ՍԴ չունեն: Եթե նայեք՝ քանի պաշտոնատար անձ է քրգործերով անցնում, այդ մեղադրանքները կարելի է դիտարկել որպես շահարկումներ»,- ասաց նախարարը:
Հարցին՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելը ոմանց կողմից անպարկեշտ առաջարկ է դիտարկվում, Ռ. Բադասյանը պատասխանեց. «Անպարկեշտ առաջարկի մասին այնպիսի մարդիկ են խոսում, որոնց իշխանության օրոք ինչ ապօրինություն ասես չի եղել՝ նախագահականից զանգեր դատավորներին, նախարարությունից զանգեր, և հիմա խոսել անպարկեշտ առաջարկի մասին, ավելորդ եմ համարում»:
Նախարարն ընդգծեց, որ օրենքի ընդունումը խնդրի քաղաքակիրթ լուծման ձև է, և նրանք, ովքեր կդիմեն վաղաժամ կենսաթոշակի անցնելու, որևէ ճնշման չեն ենթարկվի:
Հարցին՝ ինչո՞ւ է Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցվել առանց ՍԴ-ի թույլտվության, նախարարը պարզաբանեց, որ քրգործը չի վերաբերում ՍԴ դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ Հ.Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակ ենթադրյալ չարաշահումներին, իսկ այդ հարցում ՍԴ-ի թույլտվությունը քրգործ հարուցելու մասով չի պահանջվում, քանի որ այդ մասով ՍԴ դատավորն անձեռնմխելիություն չունի:
«Եթե ես նախարարի պաշտոնում կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարեմ, ապա դատավոր նշանակվեմ, և այդ քրգործը քննվի այդ ժամանակ, ես չեմ օգտվի դատավորի անձեռնմխելիությունից»,- ընդգծեց նա: