2019 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանը: Դրանից հետո Պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել առանձնազրույց նրանց հետ։ Վերջիններս բարձրացրել են Դ. Ափոյանի իրավունքներին առնչվող հարցեր և խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Դ. Ափոյանի իրավունքների պաշտպանության հարցում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է բարձրացված խնդիրների, դրա հետ կապված բոլոր նյութերի մանրամասն ուսումնասիրություն, և սույն հայտարարությամբ Պաշտպանը ներկայացնում է իր իրավական դիրքորոշումները բարձրացված հարցերի առնչությամբ:
1. Դավիթ Ափոյանին բերման ենթարկելը և նրա նկատմամբ ձեռնաշղթաների գործադրումը
Քրեական վարույթին մասնակից անձին պատշաճ ծանուցման և դրա հետ կապված նրան բերման ենթարկելու իրավական կարգավորումները հարկադրանքի այդ միջոցի իրավաչափության պայման են համարում այն, երբ վարույթային գործողությանն անձի մասնակցությունն ապահովելու նպատակով, օրենքի պահանջների պահպանմամբ, նրան է ուղարկվում պատշաճ ձևով կազմված ծանուցագիր, սակայն նա նշված ժամկետում վարույթն իրականացնող մարմնին չի ներկայանում, և ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների մասին չի տեղեկացնում վերջինիս: Սրա հետ կապված հաշվի առնելով սույն գործի փաստերը՝ բերման ենթարկելու այս մեխանիզմին անդրադառնալը Պաշտպանը համարում է բավարար։
Քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին անձին ծանուցելու պատշաճությունը որոշվում է ոչ միայն ծանուցագրի առկայության և դա անձին հանձնելու փաստով, այլ նաև այն ուղարկելու կարգին, ծանուցագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների պահպանմամբ, ինչպես նաև այդ փաստաթուղթն անձին այնպիսի ողջամիտ ժամկետում հանձնելով, որ նա ժամանակին ներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին հայտնելու հնարավորություն ունենա:
Կոնկրետ դեպքում Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել առանց այդ պայմանների պահպանման:
Ձեռնաշղթաների հետ կապված՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը հստակ ամրագրում է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում կարող է ձեռնաշղթաներ գործադրվել: Մասնավորապես, ըստ օրենքի, Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն ձեռնաշղթաներ գործադրել՝
· ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.
· իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
· իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին:
Դ. Ափոյանի պնդմամբ՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է պահանջ ոստիկանության բաժին տվյալ պահին ներկայանալու վերաբերյալ, ինքը որևէ գործողություն չի կատարել կամ հայտարարություն չի արել իր գնահատմամբ ոչ իրավաչափ պահանջին չենթարկվելու մասին, դիմադրություն ցույց չի տվել: Ավելին, ըստ Դ. Ափոյանի, պատրաստակամություն է հայտնել փաստաբանի հետ նույն օրը ներկայանալ Ոստիկանության բաժին:
Հաշվի առնելով Դավիթ Ափոյանին համալսարանից բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութը, Դավիթ Ափոյանի ու նրա փաստաբանի բողոքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ ոստիկանության բաժին նրան բերման ենթարկելու ընտրված ձևն անթույլատրելի է։
Նախ՝ խնդրահարույց է այն, որ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել հատուկ միջոցի՝ ձեռնաշղթայի գործադրմամբ՝ առանց կոնկրետ իրավիճակում դրա համար հիմքերի առկայության։
Դրանից բացի, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ձևը վկայում է նրա նկատմամբ քրեական հետապնդման տարրերի մասին, մինչդեռ նա հետագայում հարցաքննվել է ընդամենը վկայի կարգավիճակով։ Ընդ որում, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու տեսանյութի հրապարակային արձագանքները վկայում են, որ դա առաջացրել է նաև այդպիսի հանրային ընկալումներ։
Դավիթ Ափոյանին ոստիկանական բաժին տեղափոխելու ընտրված ձևը խնդրահարույց է նաև Երևանի պետական համալսարանի հանրային հեղինակության տեսանկյունից։
2. Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելուց հետո Դավիթ Ափոյանին հարցաքննելը վկայի կարգավիճակով
Դ. Ափոյանի պնդմամբ՝ բերման ենթարկվելուց հետո ոստիկանությունն իրեն պարզաբանել է, որ բերման է ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով, սակայն դրանից հետո նա ոստիկանության ստորաբաժանումից ուղեկցվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և դեռևս 2019 թ. դեկտեմբերի 20-ին Երևանի պետական համալսարանի վարչական շենքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում փաստացի հարցաքննվել վկայի դատավարական կարգավիճակով:
Ավելին, Դավիթ Ափոյանի ու նրա փաստաբանի բողոքը, Պաշտպանի աշխատակազմում նրանց հետ առանձնազրույցը վկայում է նախնական այն մասին, որ իրավապահ մարմնում եղել է փաստացի ազատությունից զրկված վիճակում։
Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ նշված հանգամանքների հաստատման դեպքում իրավապահ մարմնի այս գործողություններն անընդունելի են:
3․ Ոստիկանության ղեկավար մարմնի արձագանքը տեղի ունեցած դեպքին
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հատուկ նշել, որ ի գիտություն է ընդունել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նշանակումը։ Պաշտպանը վերը նկարագրված հարցերը քննարկել է ՀՀ ոստիկանության պետի հետ։
Ոստիկանության նման արձագանքն ունի կարևոր նշանակություն այսպիսի դեպքերի հետագա կանխարգելման տեսանկյունից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անմիջական կապի մեջ է Դավիթ Ափոյանի և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը սույն գործով իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։