Իդլիբ նահանգի հարավային շրջաններում ռազմական գործողությունները սաստկացել են և ստիպել խաղաղ բնակիչներին փախչել իրենց բնակավայրերից: Սիրիայի կառավարական ուժերը ուժեղացրել են հարձակումները զինված ապստամբների դեմ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Մաարաթ ալ Նուման քաղաքը և հարակից գյուղերը գործնականում դատարկվել են, ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են լքում Սարաքաբը: ՄԱԿ-ի գնահատականներով՝ Իդլիբում տեղահանվածների թիվը հասել է 200 հազարի:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Իդլիբի դեէսկալացիոն գոտում վերջին մեկ ամսվա ընթացքում կրկնապատկվել է Սիրիայի կառավարական ուժերի վրա գրոհայինների հարձակումների թիվը:
«Այս պայմաններում սիրիական զորքերը ստիպված են արձագանքել: Մեր կողմից մենք միջոցներ ենք ձեռնարկում իրավիճակը վերահսկելու համար: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հնարավոր չէ երկար ժամանակ համակերպվել տարածքում գործող ահաբեկչական անկլավի հետ»,- ասել է Մարիա Զախարովան: Մոսկվան պնդում է, որ Իդլիբը դարձել է ահաբեկչության թեժ կետ, և Թուրքիան, չնայած իր պարտավորություններին, դեռևս չի կարողանում տարբերել տեղի ընդդիմությունը ծայրահեղական խմբավորումներից: Իդլիբ նահանգում, որտեղ երեք միլիոն մարդ է ապրում, բացի այսպես կոչված «չափավոր ընդդիմությունից», գործում են «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող զինյալներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, Ռուսաստանին, Սիրիային և Իրանին է մեղադրում Իդլիբում խաղաղ բնակիչների մահվան համար: Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում գրել է, որ այդ երկրները սպանում են կամ պատրաստվում են սպանել հազարավոր մարդկանց, իսկ Թուրքիան բոլոր ջանքերը գործադրում է այդ կոտորածը դադարեցնելու ուղղությամբ: