Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) տարեվերջյան նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Խորհրդի օրակարգում ներառված հարցերի շրջանակում քննարկվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի առաջարկությունը` խորհրդում ընդգրկված գործարար համայնքի ներկայացուցիչների կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ և որոշվել հարցին անդրադառնալ միության գրավոր հիմնավորումները ներկայացնելուց հետո:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը ներկայացրել է կենտրոնի հաշվետվությունը` նշելով, որ վերապատրաստվել են 602 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ, 13 փորձագետ, ինչպես նաև վերանայվել են նախկինում մշակված 12 չափորոշիչներ: Ուսումնական գործընթացի և կրթական ծրագրերի մշտադիտարկում է իրականացվել 10 ուսումնական հաստատություններում:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը զեկուցել է ոլորտում կատարված հիմնական աշխատանքների մասին: Այս ուսումնական տարում ներդրվել է երեք նոր մասնագիտություն. մասնավորապես «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը ներդրվել է Երևանի տարածաշրջանային թիվ 2, Արարատի տարածաշրջանային և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջներում, «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը` Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում և «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը` Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի քոլեջում: 2019 թ. վերանայված 8 չափորոշիչներում որպես պարտադիր բաղադրիչ ներառվել է ձեռներեցության մոդուլը, ևս 4-ը մշակման փուլում են: ՄԿՈՒ 12 ուսումնական հաստատությունում փորձարարական կարգով իրականացվում է դուալ ուսուցում՝ 8 մասնագիտության գծով՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: Վարչության պետի խոսքով` քայլեր են ձեռնարկվում Հայաստանում դուալ համակարգի հետագա ընդլայնման և աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման ուղղությամբ, համագործակցություն է ծավալում շուրջ 20 միջազգային կազմակերպության հետ: ԿԳՄՍՆ աջակցությամբ «Անուշավան Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի և Արցախի Հանրապետության կրթութան, գիտության և սպորտի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի, Բերձոր քաղաքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ:
Նիստում անդրադարձ է եղել նաև աշխատաշուկայի վերլուծության և պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկի հստակեցման խնդիրներին, առանց որի հնարավոր չէ մասնագիտությունների արդյունավետ պլանավորում և տեղերի բաշխում իրականացնել: Նշվել է, որ բոլոր քոլեջներում և ուսումնարաններում արդեն գործում են կարիերայի կենտրոններ, որոնք իրականացնում են մշտադիտարկում` շրջանավարտների աշխատանքի տեղավորման վերաբերյալ:
Խորհրդի անդամները ներկայացրել են նաև մի շարք առաջարկություններ 2020-2025 թթ. ՄԿՈՒ ոլորտում նախատեսվող գործողությունների վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՄԿՈՒԶԱԽ-ի անդամներին` 2019 թ. աշխատանքի համար և շնորհավորել նրանց առաջիկա տոները` հույս հայտնելով, որ 2020 թվականի աշխատանքն ավելի բովանդակային և արդյունավետ կլինի:
Նիստին ներկա է եղել նաև ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Գ. Թամրազյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են գործատուների, արհեստակցական միությունների և պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: