Ռուսաստանի Պետդուման բարձր է գնահատել Ռուսաստանի հետ «նորմանդական ձևաչափով» բանակցություններ վարելու Վրաստանի իշխանությունների առաջարկը, բայց և համարել է անընդունելի: Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովի կարծիքով՝ ռուս-վրացական և ռուս-ուկրաինական հարաբերությունները տարբեր բնույթի են:
«Սրանք երկու սկզբունքորեն տարբեր իրավիճակներ են: «Նորմանդական ձևաչափը» ընդունելի է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների համար, քանի որ այս տարածաշրջանում ընթանում են ռազմական գործողություններ, այդ հանրապետություններում անցկացվել են հանրաքվեներ անկախության ճանաչման վերաբերյալ, որոնց Ուկրաինան համաձայն չէ: Բացի այդ, ինքնահռչակ հանրապետությունների տարածքներում ավելի շատ ռուսներ են ապրում, որոնց անվտանգության համար պատասխանատու են Ռուսաստանի իշխանությունները: Մինչդեռ ռուս-վրացական հարաբերություններում «նորմանդական ձևաչափը» կիրառելու մասին խոսակցությունն արհեստական է: Այստեղ խնդիրները վերաբերում են երկու երկրի, և նրանք պետք է լուծեն դրանք»,- ասել է պատգամավորը:
Նման դիրքորոշում ունի նաև «Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Նա նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու համար Թբիլիսին պետք է կազմակերպի «դեմ առ դեմ երկխոսություն Ռուսաստանի հետ»: «Մենք պետք է քաջություն ունենանք և գործենք որպես անկախ պետություն, չթաքնվենք մեր արևմտյան գործընկերների թիկունքում: Նրանց կարող ենք ներգրավել որպես պայմանավորվածությունների կատարման երաշխավորներ»,- հայտարարել է Բուրջանաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ Ռուսաստանի հետ բանակցությունների ներկա ձևաչափերը տեխնիկական բնույթ են կրում և քիչ ազդեցություն են ունենում: Այս առիթով էլ նա առաջարկել էր Մոսկվայի հետ երկխոսություն հաստատել «նորմանդական ձևաչափով»: Ըստ Զուրաբիշվիլիի՝ նման հանդիպումներին Վրաստանը կարող է ներկայացվել գործընկերների հետ, քանի որ երկրի իշխանությունները չեն կարողանում միայնակ բանակցել: