Դեկտեմբերի 26-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նստավայրում կայացել է «Մոսադ» հետախուզական ծառայության աշխատակիցների ամենամյա մրցանակաբաշխությունը:
Արարողության ընթացքում պետության ղեկավարն ու հետախուզական ծառայության ղեկավար Յոսի Քոհենը հանդիսավոր կերպով վառել են հինգերրորդ մոմը՝ հայտնում է Aruts Sheva-ն, հավելելով, որ պարգևատրվել են չորս կին և ինը տղամարդ աշխատակիցներ:
«Մոսադի բառարանում դուք չեք գտնի «անհնարին» բառը: Ոչ մի թիրախ անհասանելի չէ, չկա մարդ, որին անհնար է հասնել, և չկա ոչինչ, որ կարող է դուրս մնալ տեսադաշտից: Աշխարհի լավագույն հետախուզական գործակալությունները հպարտ են, որ աշխատում են մեզ հետ՝ ձեր քաջության, հնարամտության, առաջադրանքների կատարման ստեղծագործական մոտեցման և պարտականություններին հավատարիմ լինելու պատճառով...Մեր թշնամիները մշտապես համբերատար կերպով և ջանասիրաբար որևէ ճեղք կամ սողանք էին որոնում՝ աննկատելիորեն ներս սողոսկելու համար: Բայց նրանք հիասթափված են մեզ վնասելու իրենց անկարողությունից և չնայած դրան՝ չեն դադարում միջոցներ որոնել, որ մեզ անակնկալի բերեն: Այն տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, պաշտպանված լինելու համար այլընտրանք չկա, քան՝ լինել ամենախելացին, ամենաարդյունավետը և ամենազինվածը: Մենք ունենք հրաշալի տեխնոլոգիական միջոցներ, խելացի զենքեր, առաջադեմ ծրագրեր և կիբերգործիքներ, բայց, ի վերջո, ամենակարևորը դու՛ք եք: Դուք, որ բախվում եք այս բոլոր խնդիրներին»,- արարողության ժամանակ հայտարարել է Իսրայելի նախագահը: