Երբ Ռուսաստանի ռազմական բյուջեն 14 անգամ քիչ է ԱՄՆ-ի ռազմական բյուջեից և 18 անգամ փոքր՝ ՆԱՏՕ-ինից, Ռուսաստանին մնում է միայն մեկ հնարավորություն՝ պաշտպանվել՝ ստեղծելով նոր սերնդի սպառազինություն: Սակայն երբ ՌԴ նախագահն այդ մասին խոսում է, վրդովմունք է առաջացնում Արևմուտքում: Բրիտանական The Time պարբերականն անդրադարձել է ռուսական միջուկային սպառազինության ու դրա վերաբերյալ աշխարհի վերաբերմունքին: Պարբերականը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարծեցել է, թե Արևմուտքն այսօր փորձում է Ռուսաստանին «հասնել» նոր սերնդի միջուկային ռազմավարական սպառազինության ստեղծման գործում, մինչդեռ տարիներ առաջ Մոսկվան էր հետ մնում:
Ուժային կառույցների բարձրաստիճան զինվորականների առաջ ելույթի ժամանակ Կրեմլի ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի գերձայնային սպառազինությունը, որն ի զորու է մարտագլխիկները թիրախային կետին հասցնել ձայնի արագությունը մի քանի անգամ գերազանցող արագությամբ: Պուտինը հայտնել է, որ նման զենք չունի նույնիսկ Միացյալ Նահանգները:
«Ատոմային ռումբը ստեղծել է Միացյալ Նահանգները, իսկ Խորհրդային Միությունը միայն հասնում էր հետևից: Նպատակակետին հասցնելու միջոցներ, միջուկային զենքի կրիչներ մենք նույնպես չունեինք»,- նշել է ՌԴ նախագահը:
«Այս պահին, մենք բացառիկ իրավիճակում ենք մեր նոր ու նորագույն պատմության մեջ, փորձում են մե՛զ հասնել: Ոչ մի երկրում չկա գերձայնային սպառազինություն, իսկ միջմայրցամաքային հեռահարության գերձայնային սպառազինություն՝ առավել ևս»,- ասել է Պուտինը:
67-ամյա նախագահի խոսքով՝ գերձայնային նորագույն բալիստիկ հրթիռների համալիրը «ապագայի զենք է»:
2011-ին Ռուսաստանը հայտարարել էր իր ռազմավարական միջուկային սպառազինության ու սովորական զինատեսակների արդիականացման ծրագրի մեկնարկի մասին, որն ընդհանուր առմամբ կազմելու էր 650 միլիարդ դոլար: Բրիտանական պարբերականը նշում է, որ սեփական գերձայնային սպառազինություն, ինչպեսև հարձակողական հրթիռներ հայտնաբերող տիեզերական միջոցներ է ստեղծում նաև Միացյալ Նահանգները: