Կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ ամանորյա ծախսերի համար հատկացված 270 միլիոն դրամի շուրջ բարձրացած աղմուկն արագ ավարտվեց: Վարչապետի խոսքով՝ այս որոշման հիմքում երկու հայեցակարգային մոտեցում է դրված. «Առաջին՝ ընդհանուր առմամբ, մենք պայմանավորվել ենք, որ պետք է մեր քաղաքականությունն ուղղված լինի հնարավորություններ ստեղծելուն և հնարավորությունները ընդլայնելուն, և այս առումով ուզում եմ ընդգծել, որ այդ թեման շատ է շոշափվում, և մենք պետք է պետական միջոցների ծախսման առավել երկար հետագիծ կարողանանք որդեգրել, որպեսզի պետական միջոցներն իրենց հետևից ավելացված արժեք բերեն»:
Վարչապետի խոսքով՝ երկրորդ մոտեցումն այն է, որ խնդիր է դրվում որոշակի փոփոխել Ամանորը նշելու մթնոլորտը: Վարչապետը հիշեցնում է, որ վերջին տարիներին Հայաստանում թրենդ էր, որ Ամանորը պետք է նշել Հայաստանից դուրս, քանի որ Հայաստանում եղած պայմանները բազմաթիվ անհարմարություններ են ստեղծում: «Եվ մենք խնդիր ենք դրել, և դա շատ կարևոր խնդիր է, այդ թվում՝ ազգային ինքնության պահպանման տեսակետից, ստեղծել բոլորովին նոր պայմաններ, որ ոչ թե Ամանորը լինի մի տոն, որտեղ մարդիկ հնարավորինս փոքր խմբերով կղզիանում և առանձին են նշում, այլ ցանկանում ենք այնպես անել, որ Ամանորը ՀՀ-ում դառնա իրոք հանրային տոն, որտեղ ժողովուրդը միասին նշելու հարթակ ունի՝ դրանով հանդերձ նվազեցնելով պարտադիր ծախսերի տրամաբանությունը»,- նշեց նա:
Վարչապետը Հայաստանի քաղաքացիներին հորդորեց Ամանորին իրենց այցելող հյուրերին չստիպել օգտվել սեղանին դրած բոլոր կերակրատեսակներից: