Նախնական տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի փետրվարին Երևանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների ձեռքբերման համար մրցույթ կհայտարարվի,- հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Արդեն երկու օր է՝ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել կառավարության և դոնոր կազմակերպության հետ: Համապատասխան մասնագետներ են ներգրավվում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար»,- ասել է փոխքաղաքապետը:
Նոր ցանցի համար պահանջվում է շուրջ 850 ավտոբուս: Նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով, և ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020-ի ընթացքում,- ավելացրել է Սերգեյ Հարությունյանը: