Հայաստանը բանակցություններ է վարում հեռահար սպառազինություն գնելու մասին։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Հեռահար սպառազինությունների գնմանն ուղղված որոշակի քայլեր կատարվել են, բայց համաձայնագրեր դեռևս չկան: Նախատեսում ենք, որ 2022-23 թթ. սպառազինությունը կհասնի Հայաստան»,- նշեց ԳՇ պետը՝ չմանրամասնելով՝ ինչ զինտեխնիկայի մասին է խոսքը:
Ի պատասխան լրագրողների հարցին՝ Ա.Դավթյանն ասաց, որ C-400-ների գնման հարց չի քննարկվում:
Անդրադառնալով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ ԳՇ պետը նշեց, որ պատերազմի սպառնալիք միշտ կա, քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը քաղաքական լուծում չի ստացել:
Ա.Դավթյանի խոսքով՝ Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինուժն այս տարի ունեցել է սպառազինության որոշակի նմուշների ավելացում, ինչն, ըստ նրա, թույլ է տալիս ասել, որ այդ ուղղությամբ մարտական հենակետերի մասով վատացում չկա, հակառակը՝ արձանագրվել է որոշակի բարելավում:
Նա նշեց, որ թեև Ադրբեջանն ու Թուրքիան մեծ ջանքեր են գործադրում ուժեղացնելու Նախիջևանի համազորային բանակը, սակայն հայկական կողմը միջոցներ է ձեռնարկում թույլ չտալու հակառակորդին Նախիջևանի կողմից ունենալու սպառազինության գերակայություն: