Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
ԱԺ նախագահն ու օմբուդսմանն ամփոփել են անցնող տարին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ազգային ժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությունն առավել քան հաջողված է եղել 2019 թվականին: Այս համատեքստում նա խորհրդանշական է համարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հոբելյանական՝ 15-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջազգային համաժողովի անցկացումը խորհրդարանի հարկի տակ, որին մասնակցում էին մեծ թվով հյուրեր Հայաստանից և արտասահմանյան գործընկերների շրջանակից:
Արման Թաթոյանը կարևորել է Ազգային ժողովի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն հաջողված է և գնալով զարգանում է: Նա շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին աջակցության ու համագործակցության համար և ընդգծել, որ ՄԻՊ 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումն առանց Ազգային ժողովի թերևս հնարավոր չէր լինի այդպիսի բարձր մակարդակով իրականացնել: Թաթոյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերները տպավորվել են այդ միջոցառումից, Ազգային ժողովի և Հայաստանի քաղաքական ղեկավարության ուշադրությունից, տված ուղերձներից ու քաղաքական կամքից:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև կարևորել է օրենսդրական նախագծերի հետ կապված համատեղ աշխատանքները, առանձին պատգամավորների և խորհրդարանական հանձնաժողովների հետ համագործակցությունը, ազատազրկման վայրեր պատգամավորների այցերից առաջ և հետո ինֆորմացիայի փոխանակումն ու խնդիրներով համատեղ զբաղվելը:
«Ուզում եմ մեծ երախտագիտությամբ նշել, որ մեր համատեղ աշխատանքը նպաստում է խնդիրների լուծմանը»,- ասել է Արման Թաթոյանը: