Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի հերթական նիստը: Փոխվարչապետը կարևորել է խորհրդի գործունեությունը և նիստը համարել լավ առիթ՝ առաջիկա տարվա անելիքները նախանշելու համար:
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում 2020-2023 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի նախագիծը, որը ներառում է կանխման, կանխարգելման և աջակցման մի շարք միջոցառումներ: Ծրագրի նախագծում նաև առանձին անդրադարձ է կատարվել երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը: Ազգային ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ազգային ծրագրի շրջանակներում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում հիմնական թիրախների, առկա խնդիրների և հնարավոր լուծումների շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հստակ ռազմավարական նպատակների շեշտադրումը և ծրագրում ներառվելիք միջոցառումների արդյունքների շոշափելիությունը: