Հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձությունը, երբ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել Դավիթ Ափոյանը՝ հարցաքննվելու վկայի կարգավիճակով:
Այսօր տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ անդամները միաձայն դատապարտել են ոստիկանության գործողությունը և հանդես եկել միասնական հայտարարությամբ:
«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում դեկտեմբերի 24-ին ԵՊՀ տարածքում արձանագրված՝ ՀՀ ոստիկանության գործելաոճը: Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել մարդու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ միջադեպի ընթացքում ԵՊՀ ՈՒԽ նախագահ, հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի նկատմամբ կիրառված միջոցներն ակնհայտորեն ոչ անհրաժեշտ և ոչ չափավոր էին: Կոչ ենք անում հետագայում բացառել ոչ պատշաճ հիմնավորված գործողությունները և պահանջում ենք ոստիկանության կողմից նշված դեպքի մանրամասն քննություն և համարժեք գնահատական ողջամիտ ժամկետում»,- նշվում է հայտարարության մեջ: