«Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքն այս տարի աննախադեպ ակտիվ է լինելու: Ներմուծում ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ, որն ընդունված է որոշ երկրներում: Դեկտեմբերի 31-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա տոնական համերգով: Նախկինում, որպես կանոն, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը մշակութային կյանքը մարում էր, այդ օրերին թատրոններում ներկայացում գրեթե չէր լինում: Իսկ այս տարի մշակութային կյանքի տրամաբանությունը փոխված է. տոնական օրերին փոքրերի, մեծահասակների և ընտանիքով այցելելու համար կազմակերպվել է շուրջ 20 ներկայացում»,-հայտարարել է կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այս տարվա վերջին նիստում:
Նա նաև տեղեկացրել է, որ գործադիր իշխանության բոլոր գործընկերներին նվիրել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 1-ին նախատեսված «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմսեր: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նվիրել է ոչ թե հրավիրատոմսեր, այլ տոմսեր` կոչ անելով հետևել իր օրինակին և որպես Ամանորի նվեր տոմսեր նվիրել ընկերներին, հարազատներին ու մտերիմներին: «Սա իմ ուղերձն է՝ Ամանորի պարտադիր ծախսերի մեջ կարևորել նաև մշակութային հաստատությունների տոմսեր գնելը, որովհետև դա հետաքրքիր ընտանեկան ժամանացի հնարավորություն է, նաև օգտակար մշակութային հաստատության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով տոնական օրերին աշխատող թատրոնների ու թանգարանների ցանկը:
Անդրադառնալով թեմային` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շեշտել է, որ խնդիր է դրված Ամանորը նշելու նոր մշակույթ ներմուծել և այն դարձնել բարձր տրամադրության հանրային տոն՝ նոր միջավայր ու ավելի մեծ հարթակ՝ տոնը միասին նշելու:
Նախարար Հարությունյանի խոսքով՝ նպատակներից մեկն էլ տոնական օրերին Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հագեցած փաթեթ առաջարկելն է: «Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում մշակութային հաստատությունների աշխատակիցներն, ովքեր սիրով միացել են Ամանորի մշակութային արշավին: Կարծում եմ, որ սա կդառնա ավանդույթ, և առաջիկա տարիներին մենք տոնական նոր իրավիճակ ենք ունենալու»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ավելացնելով, որ նպատակ է դրված հետագա տարիներին ակտիվ տոնական մշակութային ալիքը տեղափոխել նաև մարզեր:
Տեղեկացնենք նաև, որ հեռուստաընկերությունները նույնպես պատրաստակամություն են հայտնել իրենց Ամանորի եթերներում ներկայացնել մշակութային տոնական կյանքը: