ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք 2006-2011 թթ. ընթացքում, անձնական շահագրգռությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերում ընդհանուր օգտագործման, Գյումրի քաղաքի մի շարք հասցեների հողամասեր:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: