«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է Ալավերդիում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները՝ նշելով, որ ողբերգական այս դեպքը, ցավոք, կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները կրկին չպահպանելու, տարրական պահանջները անտեսելու հետևանք է, ինչը փաստում են մասնագետների կողմից իրականացված տեղազննության նախնական արդյունքները:
Հիշեցնենք, Ալավերդիում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու անչափահաս:
Եվ այսպես, «Գազպրոմ Արմենիայից» հայտնում են. «Բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքն անջատված է եղել էլեկտրասնուցումից:
Բնակարանի ներտնային գազասպառման համակարգը, նորմատիվային և անվտանգության պահանջների կոպիտ խախտմամբ, ինքնակամ ենթարկվել է ամբողջական փոփոխության:
Ջեռուցման վառարանի համար նախատեսված մուտքային գծի փականն այս տարվա հուլիսից կնքված է եղել գազօգտագործող սարքավորման բացակայության պատճառով, սակայն մուտքային գծի կնիքը հեռացվել է, տեղադրվել և շահագործվել է ջեռուցման վառարան՝ առանց մատակարարին տեղյակ պահելու:
Հյուրասենյակում տեղակայված ջեռուցման վառարանի թիթեղյա ծխատարը փաստացի դուրս բերված չէ բնակարանից և չունի ուղղահայաց հատված: Վառարանի ծխատարը մինչև 20 սանտիմետր խորությամբ մտցվել է պատշգամբի պատի մեջ, իսկ պատի արտաքին հատվածում բացվել է ընդամենը երեք փոքր անցք, ինչը չի ապահովել ծխագազերի բնականոն հեռացումը:
Բացի դրանից՝ խոհանոցում նախագծի խախտմամբ ինքնակամ տեղադրվել է ջրատաքացուցիչ, որը եռաբաշխիչի միջոցով միացվել է գազօջախի մուտքային գծին: Ընդ որում, ջրատաքացուցչի ծխատարը միացվել է խոհանոցի օդափոխության ուղուն՝ զրկելով տարածքը բնականոն օդափոխությունից:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կրկին զգուշացնում և պահանջում է՝ պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները:
1. Խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը, օգտագործել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքեր:
2. Չկատարել օդատար և ծխատար ուղիների ինքնակամ ձևափոխություններ՝ դրանցում ստեղծելով արհեստական դիմադրություններ, զերծ մնալ գազօգտագործման ընթացքում ցանկացած ինքնագործունեությունից:
Հարգելի բաժանորդներ՝ հիշեցնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման, իր և իր հարևանների առողջությունը և կյանքը չվտանգելու պատասխանատվությունը կրում է բաժանորդը»: