Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 9-ի որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հայտնում է հետևյալը.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովը 2019 թ. դեկտեմբերի 9-ին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա իր նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Վարույթի հարուցումը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է որպես խախտման փաստի արձանագրում, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Տեղեկացնում ենք, որ հարուցված վարույթի շրջանակներում հանձնաժողովն ուսումնասիրում է առերևույթ խախտման վերաբերյալ փաստերը: Քննարկվող հարցին առնչվող բոլոր նյութերը, փաստաթղթերն ու տեղեկությունները (այդ թվում՝ կողմերից ստացված) ուսումնասիրելուց հետո հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում կընդունի և կհրապարակի հանձնաժողովի եզրակացությունը խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ:
Շահագրգիռ լինելով հանրությանն առավել օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հարցում՝ լրատվամիջոցներին խնդրում ենք հանձնաժողովի որոշումները ներկայացնելիս մեկնաբանություններ և տեղեկություններ ստանալու կամ հարցեր ունենալու դեպքում դիմել հանձնաժողով»: