Ճի՞շտ է, որ գործարար Աշոտ Արսենյանը ձնամաքրման մեքենաներ է նվիրել Երևանի քաղաքապետարանին: Հարցը լրագրողներն այսօր ուղղեցին Երևանի քաղաքապետին:
Հայկ Մարությանը նշեց, որ դա ապատեղեկատվություն է, Երևանի քաղաքապետարանին երկու ձնամաքրման մեքենա է նվիրել «Ջերմուկ գրուպը», մինչդեռ պայմանավորվածություն է եղել 5 մեքենայի մասով:
Հարցին՝ արդյոք նվիրատվությունը բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվության դիմա՞ց է արվել, քաղաքապետը պատասխանեց. «Ես բազմից ասել եմ՝ նվերները և շինթույլտվություններն իրար հետ կապ չունեն, այո՛, այդ մարդիկ գործունեություն են ծավալում Երևանում, սոցիալական պատասխանատվության ծրագրերն իրականացվում են այն վայրում, որտեղ նրանք աշխատում են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով դատախազություն դիմելու փաստին, Հ.Մարությանն ասաց. «Ովքեր ունեն ձայնագրություններ, տեսահոլովակներ, բոլորը հրապարակեք, խոսում են բաց, թափանցիկ լինելու մասին, բայց չեն հրապարակում: Արե՛ք, բա՛ց եղեք հասարակության հետ...»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով տրանսպորտային ցանցի արդիականացմանը՝ Երևանի քաղաքապետը նշեց, որ կառավարության հետ համաձայնության են եկել, որ այդ հարցը լուծվելու է վարկի միջոցով: «Միայն ավտոբուս գնելով չէ, դա ամենահեշտն է, ամենադժվար պրոցեսն այն է, թե ինչպես են այդ ավտոբուսներն աշխատելու՝ տոմսային, գնային համակարգը, դրա համար դա մի փոքր երկար է տևում: Չնայած որ մեկ տարի է՝ զբաղվում ենք այդ հարցով, և դա երկար ընթացակարգ չէ՝ հաշվի առնելով ֆինանսական խնդիրները»,- նշեց Հ.Մարությանը՝ հավելելով, որ այս պահին բանակցում են մի քանի միջազգային բանկերի հետ: