2020 թվականին լրանում է Վրաստանի Պատրիարք Իլիա II-ի՝ Վատիկանի կատարած պատմական այցի 40-ամյակը: Այդ օրը կաթոլիկ աշխարհի մայրաքաղաքում նշվելու է հատուկ միջոցառումներով, որոնց մասնակցելու համար Հռոմի հայրապետը Վրաց Ուղղափառ եկեղեցու ղեկավարին հրավիրել է Վատիկան: Այս մասին հաղորդում է Sputnik.ge-ն:
Ֆրանցիսկոս պապը վրաց Պատրիարքին հղած ուղերձում հիշեցրել է երեք տարի առաջ Վրաստան կատարած իր այցը՝ այն որակելով «անմոռանալի»:
«Չեմ կարող մոռանալ Թբիլիսիում ասած Ձեր խոսքերը, երբ ինձ ընդունեցիք վրացիներին բնորոշ ազնվական և անկեղծ հյուրընկալությամբ. «Պետրոսն ու Անդրեասը եղբայրներ էին, այդ պատճառով մենք էլ պիտի ունենանք և կունենա՛նք հատուկ սրտագին հարաբերություններ»: Հենց այդ նույն անկեղծ և եղբայրական սիրով եմ գրում Ձեզ, որպեսզի դարձյալ անձա՛մբ հանդիպենք հաջորդ տարի...Նորին Սրբություն, ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ անընդհատ աղոթելու եմ Ձեզ համար, որպեսզի մեր Տերը, չնայած տարիքային դժվարություններին, Ձեզ առողջություն պարգևի ու լցնի Ձեզ ներքին ուժով, հոգևոր խաղաղությամբ և ուրախությամբ: Այս զգացումներով լի՝ խնդրում եմ ինձ համար էլ տեղ գտնել Ձեր սրտում և հիշել ինձ Ձեր աղոթքների ժամանակ»,- ասվում է Հռոմի պապի ուղերձում: