Աշխարհի կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ եկեղեցիների մեծ մասը տոնում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը` Սուրբ Ծնունդը:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը տոնի նախօրեին հավատացյալներին է դիմել ավանդական Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ: Հազարավոր հավատացյալներ էին հավաքվել Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում՝ լսելու Պապի խոսքը: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ Աստված սիրում է բոլորին, նույնիսկ ամենավատ մարդկանց:
«Մենք կարող եք մոլորվել, կարող եք սխալներ գործել, բայց Տերը շարունակում է ձեզ սիրել»,- ասել է հովվապետը:
Այս տարի՝ 200 տարվա մեջ առաջին անգամ, Փարիզի Աստվածամոր տաճարում չի մատուցվել Սուրբ Ծննդյան պատարագ, և բոլորը հզոր հրդեհի պատճառով, որը մասամբ ավերեց տաճարը, ցավով նշում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Բեթղեհեմում՝ Քրիստոսի ծննդավայրում: Հազարավոր ուխտավորներ՝ պաղեստինցիներ, քրիստոնյաներ, Պաղեստինի Ինքնավարության ղեկավարներ են մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին:
Տոնական արարողություններ են անցկացվել նաև Պեկինում, որտեղ մոտ 12 միլիոն կաթոլիկ կա, Ստամբուլում, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել քաղաքի Սուրբ Անտոնի տաճարում: Չնայած պատերազմական վիճակին, Սուրբ Ծնունդը նշվել է նաև Սիրիայի հարավում՝ Դարաա քաղաքում, որն այժմ գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի հսկողության ներքո: