Սուրբծննդյան տոնին են պատրաստվել նաև տարբեր երկրների ղեկավարներն ու թագավորական ընտանիքները: Բրիտանական թագավորական ընտանիքը Սուրբծննդյան տոների կապակցությամբ մեկնել Է Նորֆոլքի Սանդրինգեմյան պալատ: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Սուրբծննդյան ուղերձ է հղել բրիտանացիներին, որում ընդունել է, որ տարին դյուրին չէր երկրի համար, բայց և վստահեցրել է, որ նույնիսկ ոչ մեծ քայլերը, որոնք արվել են հավատով ու հույսով, կարող են օգնել հաղթահարելու վաղեմի ու նույնիսկ խոր տարաձայնությունները:
Թագավորական ընտանիքները պահպանում են ավանդական դարձած սովորությունը: Շվեդիայի թագավորական ընտանիքը, օրինակ՝ հավաքվում է Դրոտհինգհոլնի պալատում, որտեղ էլ ակտիվ մասնակցում է Ծննդյան տոնի պատրաստությանը, ընտանիքի անդամներն իրենց ձեռքերով թխվածք ու զարդարանքներ են պատրաստում, նաև սահնակ քշում:
Բելգիայի թագավորն ու թագուհին էլ երեխաների հետ ներկա են լինում Թագավորական պալատում անցկացվող Սուրբծննդյան երգերի համերգին:
Իսկ Մոնակոյի Ալբեր Երկրորդ իշխանն իր ընտանիքի հետ ամեն տարի կազմակերպում Է ընդունելություն՝ հրավիրելով 5-12 տարեկան 600-ից ավելի երեխաների: Նրանց նվերներ են բաժանում, ներկայացում են ցուցադրում, իսկ վերջում երեխաներին է այցելում Սանտա Կլաուսը:
Կառավարությունների ղեկավարներն ու նախագահներն ավելի պարզ են նշում Սուրբծննդյան տոնը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշել է ընկերուհու հետ գնալ Կարիբյան ծովի Մյուստիք կղզի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ կնոջ՝ Մելանյայի հետ գնացել է Ֆլորիդայի Փալմ Բիչի իր նստավայրը: Նախորդ օրը ԱՄՆ զինծառայողների հետ անցկացրած հեռուստակամրջի ժամանակ նա խոստովանել է, որ դեռ նվեր չի ընտրել իր կնոջ համար:
Տեղեկություններ չկան Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և իր տիկնոջ Սուրբծննդյան ծրագրերի մասին: Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Ակցիաների կազմակերպիչները հայտարարել են, որ դրանք չեն դադարեցնի նույնիսկ տոնի ժամանակ: