ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել՝ անհապաղ դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները:
Նա խոր անհանգստություն է հայտնել երկրում տիրող իրավիճակի առիթով, երբ միայն վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 30 հազար մարդ է լքել իր տունը:
«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիսարևմտյան մասում ռազմական էսկալացիայի կապակցությամբ և կոչ է անում՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Ըստ նրա՝ Գուտերեշն անհանգստացած է ռազմական գործողությունների ծավալով և մարդկանց տարհանման ուղիներում հարձակումների վերաբերյալ հաղորդագրություններով:
«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և տեղաշարժի ազատությունն ապահովելու պարտավորության մասին: Վերջին ռազմական էսկալացիան հանգեցրել է տասնյակ քաղաքացիական զոհերի, առնվազն 80 հազար խաղաղ բնակչի, իսկ միայն վերջին շաբաթվա ընթացքում՝ 30 հազար հոգու տեղահանման»,- ավելացրել է Դյուժարիկը: