Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը 2019 թ. դեկտեմբերի 20-ին ավարտել է «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի առաջին ամփոփումը՝ հայտնում են Կենտրոնական բանկից:
36-ամսյա այս վարկային ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248.2 միլիոն ԱՄՆ դոլար) ֆինանսավորման ընդհանուր հնարավորությամբ, որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին:
Հայաստանի իշխանությունները շարունակում են «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածությունը մինչև իր ավարտը՝ 2021 թ. մայիսի 16-ը, դիտարկել որպես նախազգուշական և մտադիր չեն այն օգտագործել, եթե չնախատեսված տնտեսական ցնցումների հետևանքով վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ չառաջանան:
Գործադիր խորհրդի քննարկումից հետո կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահի պաշտոնակատար պրն Միթսուհիրո Ֆուրուսավան հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուժեղ են առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով և բարելավվող արտաքին ու հարկային բուֆերներով: Պետական պարտքը շարունակում է մնալ նվազող հետագծի վրա, և ակնկալվում է, որ Հայաստանն իր միջնաժամկետ պարտքի թիրախին կհասնի սպասվածից մի քանի տարի շուտ: Այս նպաստավոր հանգամանքը հնարավորություն է տալիս արագացնել բարեփոխումներին ուղղված ջանքերը` ի սատարումն առավել հավասարակշռված և ներառական աճի, աղքատության կրճատման և գործազրկության նվազման նպատակի: 2019 թ. բյուջեն գերակատարվել է՝ գրանցելով ինչպես ակնկալվածից ավելի եկամուտներ, այնպես էլ սպասվածից քիչ կապիտալ ծախսեր: Կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը՝ պետական ներդրումների կառավարման սահուն գործընթացին համահունչ, շարունակում է մնալ առաջնահերթություն: Չնայած հարկաբյուջետային գերակատարմանը, բարեփոխումների թափը պահպանելը կարևոր է եկամուտների հավաքագրումը բարելավելու, այդ թվում՝ գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու և հարկային վարչարարությունն ուժեղացնելու համար: Բյուջետային գործընթացի խթանումը նաև հետագայում կապահովի վստահությունը հարկաբյուջետային կանոնի նկատմամբ:
Գների կայունության ապահովմանն ուղղված դրամավարկային քաղաքականությունը նպաստում է տնտեսական աճին: Իշխանությունների կողմից Բազել III-ի միջոցառումների իրականացումը կբարձրացնի ֆինանսական համակարգի կայունությունը, ընդ որում՝ ողջունելի են նաև կապիտալի շուկայի զարգացմանը և ֆինանսների հասանելիության բարելավմանն ուղղված ծրագրերը:
Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճին: Կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ համակարգ ստեղծելու միջոցով կառավարումը բարելավելու ջանքերը շարունակական են: Իշխանությունները վերահաստատել են նաև սոցիալական ապահովության ցանցն ընդլայնելու և այն առավել հասցեական դարձնելու միջոցով բնակչության առավել խոցելի խավերին պաշտպանելու իրենց հանձնառությունը: Մարդկային կապիտալի ամրապնդմանն ու կանանց աշխատուժի մասնակցության բարձրացմանն ուղղված քայլերը իշխանությունների երկարաժամկետ կառուցվածքային օրակարգի առանցքային կետերից են»: