ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել ՀՖՖ-ի պոտենցիալը Հայաստանում և միջազգային կառույցների գործակցության առումով արդյունավետ օգտագործելու հարցում:
«ՀՖՖ-ն գործում է կառավարությունից անկախ, բայց ընդհանուր պատկերացումներ ունենալը հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար»,- ասել է վարչապետը:
Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և նշել է, որ անելու են առավելագույնը հայկական ֆուտբոլը կոռուպցիոն դրսևորումներից զերծ պահելու համար:
«Մինչև 2025 թվականի ռազմավարության մեջ մենք նշել ենք, որ մեր տեսլականն է՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլում, մասնավորապես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հաջող ելույթները Եվրոպայի և Աշխարհի ընտրական փուլերում՝ ընդհուպ մինչև եզրափակիչ, և մենք անելու ենք առավելագույնը, որ դա տեղի ունենա, զարգացնենք ենթակառուցվածքները, և ֆուտբոլը դառնա այն ազգային խաղը, որը կդառնա բոլորինը»,- նշել է ՀՖՖ նախագահը:
Վարչապետն ասել է, որ Հայաստանում մշակվում է ֆուտբոլի նոր մոդել, որի նախադեպը Հայաստանում չի եղել: «Չի եղել, քանի որ ՀՖՖ նախագահները եղել են իշխանության ենթակա մարդիկ, մինչդեռ ֆուտբոլը պետք է լինի որպես տնտեսության ճյուղ, որպես հանրային կյանքի կազմակերպման ուղղություն, որպես երիտասարդության հնարավորությունների զարգացման ուղղություն:
Մենք ամեն ինչ անում ենք, որ մարզերում ֆուտբոլային կյանքը զարգանա, և այն հարցերում, որտեղ կառավարությունը կկարողանա աջակցել ֆեդերացիային, կարող եք հույս դնել մեզ վրա»,- ընդգծել է Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ֆուտբոլն ու սպորտը պետք է ապաքաղաքականացնել, որպեսզի դրանք չծառայեն ինչ-որ խմբերի ամբիցիաներին, և չպետք է թույլ տալ, որ մարզիկները դառնան ֆոն ինչ-ինչ անձանց ինքնագովազդի համար: